ԱՄՆ-ում տան վրա ընկած երկնաքարն ավելի հին է, քան մեր մոլորակը, պնդում են գիտնականները։
NASA-ն հաստատել է, որ հունիսի 26-ին Ջորջիա նահանգի երկնքով ցերեկային ժամերին երկնաքար է անցել, ապա պայթել, հայտնում է BBC-ն։
Ջորջիայի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են այն բեկորը, որը ծակել էր Մակդոնո քաղաքում գտնվող տան տանիքը, և պարզել են, որ երկնաքարի տեսակից ելնելով՝ այն ձևավորվել է 4.56 միլիարդ տարի առաջ, ինչը նշանակում է, որ այն մոտ 20 միլիոն տարով ավելի հին է Երկրից։
Երկնաքարի անկումն ու պայթյունը տեսել են Ջորջիայի և հարևան նահանգների հարյուրավոր բնակիչներ։ Անկման ընթացքում երկնաքարը արագորեն փոքրացել է չափերով և նվազել արագությամբ, սակայն երբ այն հարվածել է Հենրի կոմսության տան տանիքին, նրա արագությունը կազմել է առնվազն 1 կմ վայրկյանում։
Շենքում հայտնաբերված բազմաթիվ բեկորներ փոխանցվել են գիտնականներին, որոնք վերլուծել են դրանց ծագումը։ Ջորջիայի համալսարանի երկրաբան Սքոթ Հարիսը և նրա թիմը, օգտագործելով օպտիկական և էլեկտրոնային մանրադիտակ, որոշել են երկնաքարի տեսակը։ Պարզվել է, որ դա խոնդրիտ է, ըստ NASA-ի, երկնաքարերի ամենատարածված տեսակը, ինչը նշանակում է, որ այն մոտ 4.56 միլիարդ տարեկան է։
Տան բնակիչը նշել է, որ մինչև օրս իր տան շուրջը տիեզերական փոշու մասնիկներ է գտնում։
«Մակդոնո» անունը ստացած օբյեկտը Ջորջիայում հայտնաբերված արդեն 27-րդ երկնաքարն է։
«Նախկինում նման բան տեղի էր ունենում մի քանի տասնամյակը մեկ անգամ, ոչ թե 20 տարվա ընթացքում մի քանի անգամ», – ասել է Հարիսը։ «Ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպես նաև հանրության ուշադրությունը, օգնում են մեզ ավելի շատ երկնաքարեր հայտնաբերել»։
Հարիսը հույս ունի հրապարակել իր եզրակացությունները աստղակերպի կազմի և արագության վերաբերյալ, ինչը կօգնի հասկանալ այն վտանգը, որը կարող են ներկայացնել այլ երկնային մարմիններ։
«Մի օր դա տեղի կունենա, և մենք չգիտենք՝ երբ, երբ մի մեծ բան կընկնի և կստեղծի աղետալի իրավիճակ։ Եթե կարող ենք պաշտպանվել դրանից, ապա ուզում ենք դա անել», – ասել է նա։