Վաշինգտոնյան համաձայնագրերի վերաբերյալ Իրանի բոլոր պաշտոնական հայտարարությունները պետք է դիտարկել որպես ամբողջություն, այլ ոչ թե՝ կոնտեքստից կտրված առանձին հատվածներ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս կապակցությամբ ակնհայտ է, որ իրանական կողմը ներկայումս գործում է «դեկլարատիվ դիվանագիտության» մակարդակում երկու հիմնական ուղղությամբ։
Առաջին՝ փորձել արձանագրել, որ Հայաստանի տարածքով, այսպես կոչված, միջանցքի ստեղծումը անհնար է՝ դա անելով հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնյան համաձայնագրերով ընձեռված հնարավորությունների շրջանակում։
Երկրորդ՝ հստակ ընդգծել առնվազն Իրանի մտահոգությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ներկայության վերաբերյալ ցանկացած հաղորդակցման ուղու վրա, որը անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով։ Ի դեպ, Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բացահայտ հայտարարել է, որ իր երկիրը կխոչընդոտի դրան»,- նշել է Ոսկանյանը։





























