Ամերիկյան իշխանությունների պահանջով, փակվել է ինտերնետի խոշորագույն կայքերից մեկը` Megaupload-ը: ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ կայքի սեփականատերերը ձերբակալվել են` հեղինակային իրավունքի խախտման մեղադրանքով: Դատավարությունը կընթանա Վիրջինիա նահանգի դատարանում:
Megaupload.com-ը համաշխարհային ցանցի հինգ խոշորագույն «ֆայլ փոխանցողներից» էր: Իրավապահ մարմինները հեղինակներին հասցրած վնասը գնահատում են մոտ 500 միլիոն դոլար:
Ամերիկյան իշխանությունների պահանջով` Նոր Զելանդիայում ձերբակալվել են ընկերության չորս բարձրաստիճան աշխատակիցներ: Ընկերությունը գրանցված է Հոնկոնգում: Ընկերության եւս երկու աշխատակիցներ, այդ թվում ղեկավար Սուիս Բիտցը, հետախուզման մեջ են:
Ձերբակալվածներից Քիմ Դոթքոմը (իսկական ազգանունն է Շմիտց) Ֆինլանդիայի եւ Գերմանիայի քաղաքացի է: 2010-ին նա իր գործողություններով մտավոր սեփականության տերերին հասցրել է 42 միլիոն դոլարի վնաս, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Մեղադրյալներին սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում:
Փակման նախօրեին Megaupload-ը միացել էր մի շարք հայտնի կայքերի բողոքին` ընդդեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Stop Online Piracy Act (SOPA) օրինագծին, որի քննարկումն ընթանում է այս օրերին:




























