Միացյալ ազգերի կազմակերպությունը ստուգում է այն տեղեկությունը, ըստ որի միջուկային ոլորտի իրանցի գիտնականի մահվան պատճառ կարող էր դառնալ տեղեկության արտահոսքը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից (ԱԷՄԳ):

Կասկած կա, որ ահաբեկիչները ձեռք են բերել ՄԱԿ-ի ստորաբաժանումների վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը, հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Էշագ ալ-Հաբիբը: Նրա խոսքով, գիտնականների ինքնության հաստատման համար օգտագործվել է Անվտանգության խորհրդի պատժամիջոցների ցուցակը եւ ԱԷՄԳ-ի աշխատակիցների զրույցներն իրանցի գիտնականի հետ, հաղորդում է  Reuters-ը:

Հանդես գալով Անվտանգության խորհրդում` Ալ Հաբիբը նշել է, որ մահվանից առաջ Ահմադի Ռոշանը հանդիպել է ԱԷՄԳ-ի տեսուչի հետ: Նա մեղադրել է ԱԷՄԳ-ի աշխատակիցներին` Իրանի ատոմային օբյեկտների ստուգման ժամանակ անհրաժեշտ մակարդակով գաղտնիությունը չպահպանելու մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին հայտարարել է, որ կազմակերպությունը ստուգելու է Իրանի կողմից տրամադրված տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, 32-ամյա Մուստաֆա Ահմեդի Ռոշանը սպանվել է հունվարի 11-ին, Թեհրանում, ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Ահմադի Ռոշանը զբաղեցնում էր Նաթանզե ատոմային օբյեկտում կոմերցիոն հարցերով տնօրենի տեղակալի պաշտոնը:

Թեհրանում արդեն կատարվել են միջուկային հարցերով զբաղվող գիտնականների սպանություններ: 2010-ի հունվարին Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մասուդ Ալի Մուհամեդը զոհվել է իր տան մոտ: 2010-ի նոյեմբերին Թեհրանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել է միջուկային ոլորտի գիտնական Մադժիդ Շահրիանին, իսկ նրա գործընկեր Ֆերեյդուն Դավանիաբասին եւ նրա կինը վնասվածքներ են ստացել:

Իրանի իշխանությունները Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչություններում մեղադրում են Իսրայելի եւ Արեւմուտքի երկրների հատուկ ծառայություններին: