Ըստ իս՝ պատահական չէ, որ Վաշինգտոնը փաստաթղթերը ստորագրեց Երևանի և Բաքվի հետ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների Ալյասկայում հանդիպման նախօրեին, քանի որ դա Վաշինգտոնին, որը թափանցում է Հայաստանի՝ ռազմավարական առումով կարևոր տարածք, հնարավորություն է տալիս այդ հարցը դնել բանակցությունների սեղանին և դարձնել սակարկության առարկա։ Դրա մասին քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշել է NEWS.am-ի հետ զրույցում։
Նրա կարծիքով՝ Ռուսաստանը փորձում է ժամանակ շահել բանակցությունների ընթացքում և Հարավային Կովկասի հարցի վերաբերյալ դեռևս հստակ քաղաքականություն չի ձևավորել։ Իրանում էլ շատ բարդ գործընթացներ են տեղի ունենում, և երկրի ներսում Հարավային Կովկասին վերաբերող հարցերի շուրջ քաղաքական պայքար է ընթանում։
Փորձագետը նշել է, որ Հայաստանի համար ամենավտանգավորն այն է, որ գործող իշխանությունները միջազգային փաստաթուղթ են ստորագրել, որն Ադրբեջանին Հայաստանի տարածքով անարգել անցում է տրամադրում։ «Թե որքանով Ադրբեջանը կկարողանա դա օգտագործել, ցույց կտա ժամանակը»,- պարզաբանել է նա։
Դանիելյանը մատնանշել է տարածաշրջանի գործընթացներով հետաքրքրված ուժերի ցանկությունների կարևորությունը։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանի գործընթացներին ներգրավված է նաև Թուրքիայի համակարգող Մեծ Բրիտանիան, և լուրջ ներդրումներ է կատարել Ադրբեջանում, որտեղ ևս մեծ է իսրայելական հատուկ ծառայությունների ազդեցությունը։
«Բայց արդյո՞ք Մեծ Բրիտանիան և Իսրայելը միևնույն քաղաքական գիծն են տանում, մասնավորապես՝ Գազայի հարցում։ Բազմաթիվ հակասություններ կան նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Արդյո՞ք Իսրայելը պետք է ամրապնդի Ադրբեջանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերը Սյունիքի միջոցով։ Դա կարող է հանգեցնել նրան, որ Իսրայելը կկորցնի վերահսկողությունը Ադրբեջանի նկատմամբ և կհզորացնի Թուրքիան, ինչը ձեռնտու չէ Թել Ավիվին։ Որտեղո՞վ է անցնելու ճանապարհը։ Մեղրիի երկայնքով, թե՞ ավելի հյուսիս։ Կամ գուցե ամերիկացիները վարձակալեն այդ ճանապարհը, որպեսզի այն ընդհանրապես չգործի՝ ելնելով սեփական շահերից։ Կամ գուցե ճանապարհը կկառավարի հրեական լոբբիի վերահսկողության տակ գտնվող ընկերությո՞ւնը։ Ե՞րբ է դա տեղի ունենալու։ Քանի՞ տարի կպահանջվի նախագծի իրականացմանը նախապատրաստվելու համար»,- հռետորական հարցեր է տվել փորձագետը։
Քաղաքագետն Ադրբեջանը Ռուսաստանի և Իրանի համար սպառնալիք է անվանել, քանի որ, նրա համոզմամբ, այդ երկիրը Թեհրանին և Մոսկվային խանգարում է հաղորդակցություններ հաստատել Հյուսիս-Հարավ գծի երկայնքով։ «Իրանը հայտարարում է, որ եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի, ինքը խնդիրներ կունենա Եվրոպա մուտք գործելու հարցում, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ խոչընդոտ է համարվում։ Բացի դրանից, Ադրբեջանում ակտիվորեն խթանվում է ֆաշիզմը՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ։ Եթե սպառնալիքը բավական լրջանա, այդ երկու երկրները կարող են անցնել ակտիվ գործողությունների։ Ընդ որում, Թուրքիան կարող է չմիջամտել»,- նշել է Ստեփան Դանիելյանը՝ կոչ անելով այդ ամենը դիտարկել ոչ թե որպես կանխատեսումներ, այլ որպես իրադարձությունների զարգացման հնարավոր սցենարներ։











