Կասկած չկա, որ Միացյալ Նահանգների մտադրությունն է թուլացնել և մեկուսացնել Իրանը տարածաշրջանում։ Սակայն Իրանը Հարավային Կովկասի հետ Արաքս գետի երկայնքով ունի ավելի քան 400 կիլոմետրանոց սահման, ինչը նշանակում է, որ Իրանն ունի Հարավային Կովկասում ամենաերկար սահմանը, Mehr գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փակայինը։
«Ոչ մի երկիր այդ միջանցքում այնքան չի գերիշխում, որքան Իրանը, և ոչ մի օտարերկրյա երկիր չի կարող որևէ կոնկրետ նախաձեռնություն ձեռնարկել Իրանի դեմ այդ ոլորտում։ Եթե արևմտյան երկրները մտնեն այդ տարածաշրջան, նրանք լուրջ ռիսկերի կենթարկվեն և լուրջ խոցելիության կհանդիպեն»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։
Նրա կարծիքով, ԱՄՆ-ը ռազմական հակամարտության մեջ չի մտնի Հարավային Կովկասի որևէ երկրի հետ, ինչպես որ նրանք ուղղակիորեն հակամարտության մեջ չեն մտել Ռուսաստանի հետ Ուկրաինայում, «այլ օգտագործել են Ուկրաինան որպես խայծ՝ Ռուսաստանին դիմակայելու համար»։
«Կովկասում ԱՄՆ ներկայության հիմնական նպատակը Ռուսաստանին մեկուսացնելն է և տարածաշրջանի երկրներին, դրանց թվում՝ Ադրբեջանին և Հայաստանին, Ռուսաստանի դեմ հանդես գալ հրահրելն է, հատկապես այս փուլում, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ սառել են։ Հետևաբար, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, վճռականորեն կարձագանքի և հեշտ ու հանգիստ չի կորցնի Կովկասը։ Իհարկե, եթե Ռուսաստանը որևէ գործողություն չձեռնարկի, Իրանը միայնակ կկարողանա կանխել ԱՄՆ նպատակների իրագործումը»,- նշել է Մոհսեն Փակաինը։





























