«Այնպիսի տպավորություն ունեմ, որ սա ոչ թե «Խաղաղության համաձայնագիր» է, այլ նախընտրական բուկլետ, ինչը գործող վարչախումբը փորձելու է օգտագործել 2026 թվականի ընտրություններին հաղթանակ ապահովելու համար»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ կարծիք ունի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի մասին։
Խոսելով իր նկատմամբ ընթացող դատական գործընթացի մասին, Քերոբյանը նշել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
«Ավել բան, քան Հակակոռուպցիոն կոմիտեն իր հայտարարության մեջ տարածել է չեմ կարող ասել։ Խոսքը վերաբերվում է, իբրև թե առանց կարիքի պայմանագրերի գնման գործընթաց նախաձեռնելուն, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը, որը հայտնի է իր կոռուպցիոն առումներով, բորբոքված երևակայությամբ ենթադրություն է արել, և ցավոք սրտի, մեր իրավական իրականության մեջ ընդունված է դարձել չմերժել Քննչական կոմիտեի կամ Հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրանքը, այլ ուղարկել դատարան։ Դատական իշխանությունն ու դատախազությունը իրականում ավելորդ ժամանակ են ծախսում այս գործերը քննելու վրա։ Ես համոզված եմ, որ անընդունելի մեղադրանք է ներկայացվել»,–հավելեց Ավետիք Քերոբյանը։
Նա իր նկատմամբ իրավական գործընթացները քաղաքական հետապնդում է որակում։
«Այս գործերի քննման ժամանակագրությունը ցույց է տալիս, որ դրանք կապված են եղբորս հետ կապված քրեական հետապնդման հետ։ Այս գործի հետ կապված առաջին անգամ հարցաքննվել եմ 2023 թվականի մայիսին, երկար ժամանակ է անցել, մինչև մեղադրանք է առաջադրվել»,–ասաց Ավետիք Քերոբյանը՝ նշելով, որ իր կարծիքով իր նկատմամբ հարուցված քրեական վարույթով փորձում են ճնշում գործադրել եղբոր՝ Վահան Քերոբյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ 2025թվականի հունիսի 4-ին Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի եղբորը՝ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանին մեղադրանք էր առաջադրվել՝ բյուջեի միջոցների չարաշահման հիմքով։











