Ֆրանսիական պարտեզից` Լուարի հովտից դեպի գինեգործության բնօրրան Արենի։ Գինու նկատմամբ սերն ու գինեգործության արմատները փնտրելու ճանապարհը ֆրանսիացի տնտեսագետ, հետազոտող Գիեմ Աշերմային 2019-ին բերեց Արենի` աշխարհի ամենահին գինեգործարանի հայրենիք։ Վայոց ձորի սրտում՝ Արենիում, որտեղ վեց հազարամյակ գինի են ստանում խաղողից, Գիեմը բացահայտեց հայկական գինու ողջ հմայքն ու հանդիպեց ապագա կնոջը՝ Քնարիկին: Մասնագիտությամբ սոցիալոգ Քնարիկը, որ 17 տարի աշխատել էր Կենտրոնական բանկում, 2020 թվականի պատերազմից հետո որոշեց թողնել Երևանի Կենտրոնն ու վերադառնալ գինեգործության կենտրոն` հայրենի Արենի գյուղ, որտեղ և ամուսնացավ Գիենի հետ:
Հայ-ֆրանսիական փոքր ընտանիքն այսօր մեծ գործ է անում Արենիում` արևի հետ արթնանում, սահմանի պռնկի քարքարոտ հողը մշակում, խաղողից կարմիր ու արևագույն գինի քամում։ Գիեմն ու Քնարիկը Արենիի իրենց տանը զարգացնում են բնական (նատուրալ) գինեգործությունը` նվազագույն միջամտությամբ՝ ինչպես խաղողի աճեցման, այնպես էլ գինու պատրաստման փուլերում։ Ամուսինները վստահ են՝ քանի դեռ գյուղը կենսունակ է, սահմանն էլ ուժեղ ու ամուր կլինի։
Մանրամասները՝ NEWS.am-ի պատրաստած ռեպորտաժում:
Թագուհի Մելքոնյան











