Լոռու մարզի Քարաբերդ բնակավայրում ոսկու հանքի շահագործման վերաբերյալ հանրային լսումը լարված մթնոլորտում է անցնում. «Զով-Գուժ» ՍՊԸ–ի ներկայացուցիչների և բնակիչների միջև պարբերաբար վիճաբանություն է սկսվում։ Վիճաբանություն տեղի ունեցավ նաև գյուղի բնակիչների միջև. Քարաբերդցիներից որոշները, ովքեր նախկինում դեմ էին արտահայտվել հանքի շահագործմանը, փոխել են իրենց դիրքորոշումը։ Գյուղում կարծիք է ձևավորվել այն մասին, որ «Զով-Գուժ» ՍՊԸ–ի ներկայացուցիչները նրանց վրա ճնշումներ են գործադրել։

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը փորձեց հանգստացնել բորբոքված բնակիչներին և հայտարարեց, որ գյուղի բնակիչների վրա որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել։

«Ո՛չ էսօր, ո՛չ վաղը, ո՛չ հանրային լսման ժամանակ, ո՛չ առանց հանրային լսման ժամանակ չեմ թողնի, որ իմ ժողովրդին ինչ–որ մեկը վախացնի կամ մանիպուլացնի»,–նշեց նա։

Հանրային լսման մասնակիցներից մեկն էլ ի պատասխան Սուրեն Կոստանյանին մեղադրեց ընկերության ներկայացուցիչներին աջակցելու և նրանց հետ մասին բնակիչների վրա ճնշում գործադրելու մեջ։

«Առաջին վախացնողը դուք եք, ձեր պահվածքն արդեն ամեն ինչ ցույց ա տալիս, սկզբից էլ պարզ էր՝ դուք ով եք, ինչ եք ուզում»,–ասաց քննարկման մասնակիցը։