Բագրատ Սրբազանի պաշտպանները նոր բացահայտումներ են պատրաստվում անել։ Նրանց խոսքով՝ Քննչական կոմիտեն ստել է հասարակությանը և խեղաթյուրել է փաստերը։
1.5 ամիս առաջ Քննչական կոմիտեն հրապարակել էր ձայնագրություններ որպես հիմնավորում, որ «Սրբազան պայքարի» մասնակիցները ահաբեկչության են պատրաստվել: Բագրատ սրբազանի պաշտպաններն անմիջապես ահազանգել էին՝ դրանք մոնտաժված են, համատեքստից կտրված։ Քննչական կոմիտեն, սակայն, վստահեցնում էր՝ ձայնագրությունները մոնտաժված եւ համատեքստից կտրված չեն։
Պաշտպանները, մինչդեռ, նախօրեին հրապարակեցին ձայնագրություններից մեկի ամբողջական տարբերակը։
«Այդ ձայնագրությամբ ապացուցվում է, որ պատերի տակ գյուլլելու մասին խոսակցությունը ոչ թե իշխանափոխություն պլանավորելու, այլ ամբողջովին այլ համատեքստում է եղել։ Բագրատ Սրբազանը քննարկում էր, թե ինչպիսի մոդելներով են այլ պետությունները պաշտպանում իրենց երկիրը և ինչպես կարելի է պատերազմական իրադրության պայմաններում պայքարել դասալիքների դեմ։ Կյանքը ցույց տվեց շատ կարճ ժամանակում, որ մեր դիրքորոշումները համապատասխանում էին իրականությանը, իսկ իրենք պարզապես ստում էին», - NEWS.am - ի հետ զրույցում նշեց Բագրատ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյան։
Փաստաբանը պնդում է՝ խոսակցությունը քրեական տարրեր չի պարունակում և կապ չունի իշխանության դեմ պլանավորվող գործողությունների հետ։
«Որևէ այլ երկրում համապատասխան պաշտոնյաները պետք է արդեն հրաժարական տված լինեին», - նշեց նա։
Հրապարակված ամբողջական ձայնագրությունը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում։ Օգտատերերն անգամ հրապարակային ներողություն են խնդրել Բագրատ սրբազանից: Քննչական կոմիտեից դեռևս արձագանք չկա։
Հիշեցնենք՝ գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։
Գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան:











