Իսրայելը բանակցություններ է վարում պաղեստինցիներին Գազայից Հարավային Սուդան վերաբնակեցման հնարավորության շուրջ, հայտնում են CNN-ը և Associated Press-ը:

Ինչպես գրում է AP-ը, միանգամից վեց աղբյուրներ հաստատել են բանակցությունների փաստը։ Պարզ չէ, թե որքան են դրանք առաջադիմել, սակայն իրականացման դեպքում այդ ծրագրերը համարժեք կլինեն մարդկանց մի պատերազմական տարածքից (որտեղ նրանց սպառնում է սով)՝ մեկ այլ տարածք տեղափոխելուն, ինչը մտահոգություն կառաջացնի մարդու իրավունքների վերաբերյալ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ցանկանում է իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի բնակչության մեծ մասի վերաբնակեցման գաղափարը, ինչը Նեթանյահուն անվանում է «կամավոր միգրացիա»։

Հաղորդվում է նաև, որ Իսրայելը նմանատիպ առաջարկներ է ներկայացրել աֆրիկյան այլ երկրներ տեղափոխելու վերաբերյալ:

«Ես կարծում եմ, որ ճիշտ որոշումը, նույնիսկ պատերազմի օրենքների համաձայն, քանի դեռ ես դրանք ճանաչում եմ, այն է, որ թույլ տրվի խաղաղ բնակչությանը հեռանալ, ապա ամբողջ ուժով հարվածել այնտեղ մնացած թշնամուն», – երեքշաբթի օրը ասել է Նեթանյահուն i24 ալիքին։ Սակայն նա չի հիշատակել Հարավային Սուդանը։

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է CNN-ը, Հարավային Սուդանի համար նման գործարքը կարող է նպաստել Իսրայելի հետ կապերի ամրապնդմանը, որն այժմ Մերձավոր Արևելքում գործնականում անսասան ուժ է։

«Սա նաև պոտենցիալ քայլ է Թրամփի ուղղությամբ, ով փետրվարին բարձրացրել է Գազայի բնակչության տեղահանման հարցը, բայց, կարծես թե, վերջին ամիսներին հրաժարվել է այդ գաղափարից»,- հավելել է պարբերականը։

Միևնույն ժամանակ, Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Շարեն Հասկելի գրասենյակից հայտնել են, որ նա կժամանի Հարավային Սուդան՝ այցելության շրջանակներում հանդիպումներ անցկացնելու համար, ինչը բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է այդ երկիր։

Սակայն ասվում է, որ նա ծրագիր չունի պաղեստինցիների տեղահանության հարցը բարձրացնելու համար։

Իր հերթին, Հարավային Սուդանի արտաքին գործերի նախարարությունը անհիմն է անվանել այն տեղեկությունները, որ նախարարությունը բանակցություններ է վարում Իսրայելի հետ՝ պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ։