Ռումինիայի պաշտպանության նախարար Յոնուց Մոստեանուն հայտարարել է, որ իր երկիրը, ինչպես նաև Բուլղարիան և Թուրքիան պետք է ընդլայնեն Սև ծովի ականազերծման համատեղ օպերատիվ խումբը, հաղորդում է Reuters-ը։

Նրա խոսքով, առաքելության կազմում նախատեսվում է ավելացնել պարեկային ուժեր՝ էներգետիկ օբյեկտները և առևտրային ուղիները ՌԴ հնարավոր հարձակումից պաշտպանելու համար։

«Առաջիկա տարիներին այս նախագիծը ստիպված կլինենք ընդլայնել մինչև պարեկության նախագիծ։ Մենք դա մոտ ապագայում կքննարկենք մեր դաշնակիցների հետ», - հայտարարել է Մոստեանուն։

Նա նաև ավելացրել է, որ առաջիկա տարիներին Սև ծովը Ռուսաստանի համար կմնա մարտադաշտ։ Ուստի երկրները պետք է դիմակայեն՝ պաշտպանելով իրենց շահերը։

«Մենք պետք է դիմակայենք (Ռուսաստանին) և պաշտպանենք մեր շահերը, մասնավորապես՝ էներգետիկ ենթակառուցվածքները, ծովային առևտուրը և նավագնացության ազատությունը։ Սրանք մեր նպատակներն են և դրանք կպաշտպանվեն», - ասել է նախարարը։

Ռումինացի պաշտոնյան նաև հիշել է Սև ծովում GPS ազդանշանները խլացնելու «գրեթե ամենօրյա» փորձերի մասին, որոնցում, հավանաբար, ներգրավված է նաև Ռուսաստանը։

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, Սև ծովը մարտական գործողությունների կարևոր թատերաբեմ է։ Խոսքը, մասնավորապես, լողացող ծովային ականների մասին է, որոնք սպառնում են հացահատիկի և նավթի մատակարարմանը, ինչի հետևանքով տուժել են մի քանի առևտրային նավեր։ Այսպես, 2024 թվականին Ռումինիան, Բուլղարիան և Թուրքիան ականազերծման համատեղ խումբ են ձևավորել։

Բացի վերոնշյալից, Մոստեանուն Reuters-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք գագաթնաժողովը։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումը կհանգեցնի հրադադարի։

«Բոլորը սպասում են հրադադարի, ապա՝ արդար և երկարատև խաղաղության՝ անվտանգության երաշխիքներով», - ամփոփել է նա։