Իրանը համոզված չէ, որ արեւմտյան երկրները Թեհրանի դեմ նավթային էմբարգո կկիրառեն: Այդ մասին Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:
Դեսպանը նշել է, որ Իրանն իր ավանդական գնորդներն ունի: Ըստ նրա` այնպիսի երկրներն, ինչպիսին Է օրինակ Չինաստանը, անգամ ԱՄՆ-ի ճնշման տակ չի հրաժարվի իրանական նավթը գնելուց:
Խոսելով Իրանի դեմ ռազմական հարվածի եւ նրա հետեւանքների մասին` դիվանագետը նշել է, որ «հասցված ռազմական հարվածի հետեւանքները պետք է հաշվի առնեն նման գործողությունների դիմողները»:
Դեսպանն ավելացրել է, որ ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող արաբական երկրների` Իրանի նկատմամբ անբարյացակամ գործողությունները կարող են բացասական արդյունք ունենալ հենց իրենց համար: «Մեր բարեկամ արաբական երկրները, եթե շարունակեն հետեւել ԱՄՆ-ին, կվճարեն դրա համար, իսկ Ամերիկան ոչ մի բանով չի կարողանա նրանց օգնել», - հայտարարել է Սաջադին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























