Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի 12 գյուղերից 5-ը վեծ վնասներ են կրել անտառային հրդեհներից, տարհանվել է մոտ 3 տասնյակ մարդ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում՝ այսօր՝ օգոստոսի 19-ին,  ասաց  Քեսաբի հոգեւոր տեսուչ Տեր Եսայի Վարդապետ Էօրտէքեանը։

«Տների շրջակայքում գտնվող այգիներն ու պարտեզներն ամբողջությամբ այրվել են, տների պատերը սեւացել են ծխից։ Մարդկանց հիմնականում տարհանել ենք նրանց հարազատների տներ, շատերը, որոնք երկրորդ տուն ունեն, տեղափոխվել են այնտեղ։ Ծխից չեն կարողանում շնչել»,- նշեց Տեր Եսային։

Նա պատմեց, որ հրդեհը բռնկվել է նախօրեին կեսօրին, բայց հրշեջները ժամանել են երեկոյան՝ մոտ 18։00-ին։ 50 մարտական հաշվարկ է աշխատում հրդեհը հանգցնելու ուղղությամբ, սակայն, աշխատանքներին ներգրավված են նաեւ տեղի հայերը։

«Հրշեջները տարածքին ծանոթ չեն, և տեղի հայությունը օգնում է նրանց կրակը հանգցնելու գործում։ Գյուղերը գտնվում են լեռնային հատվածում, խիտ անտառներով, ինչը դժվարացնում է աշխատանքներ կատարելը, քանի որ ճանապարհներ չկան»,- հավելեց Տեր Եսային՝ նշելով, որ գիշերը հայերը հերթապահել են, որ թույլ չտան կրակի տարածումը, եւ այսօր էլ կեսօրի դրությամբ այն դեռ չի մարվել. «Այս պահին Քեսաբն ամբողջությամբ ծխի մեջ է, ծուխ ենք շնչում, վառված փայտի մոխրի մանր հատիկները տարածվել են օդում, ձյան պես թափվում են»։

Քեսաբի հայ համայնքի շրջնում հրդեհների հետեւանքով տուժած մարդիկ չկան։

Քեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնում

New Picture (1)333.jpg (42 KB)