«Հարավային հոսք» գազատարի շինարարության ժամանակացույցը, որ մշակվել է «Գազպրոմում», փետրվարին ներկայացվելու է նախագծի օպերատոր South Stream Transport AG-ի տնօրենների խորհրդին, իսկ բուն շինարարությունը սկսվելու է 2012թ, այլ ոչ 2013թ., ինչպես ծրագրվում էր նախկինում: Այդ մասին ասվում է «Գազպրոմի» հաղորդագրության մեջ:
Հունվարի 20-ին Մոսկվայում ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը խորհրդակցություն է գումարել` նախագծի իրականացման հարցերով:
«Նախագիծը պահանջարկ ունի, դրան սպասում են, եւ մենք սկսելու ենք իրագործմանը»- ասել է Միլլերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 30-ին հանձնարարել էր «Գազպրոմին» արագացնել նախագծի իրականացման սկիզբը: Թուրքիան դեկտեմբերին թույլատրել էր «Հարավային հոսքն» անցկացնել իր տարածքային ջրերով:
Նախագիծն իրականացվում է եվրոպական սպառողներին առաքվող գազի առաքման ուղիները դիվերսիֆիկացնելու նպատակով:



























