Արտարժույթի ներբանկային շուկայում անցնող շաբաթվա ընթացքում բանկերը գնել են 65 մլն դոլար եւ վաճառել 82 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի շաբաթական ամփոփ տեղեկատվության մեջ: Նշենք, որ սա ֆինանսական ակտիվության բավական ցածր ցուցանիշ է: Համեմատության համար` նախորդ շաբաթ բանկերը գնել էին մոտ 85 մլն դոլար:

Արտարժութային ռեսուրսների հոսքի նման նվազումը ֆինանսական շուկա հետեւանք է առաջին հերթին տրանսֆերտների հոսքերի սեզոնային կրճատմամբ: Պատահական չէ, որ էապես նվազել են նաեւ ռուսական ռուբլով իրականացվող փոխանակումները, թեեւ տրանսֆերտների մի զգալի մաս ստացվում է ռուբլով: Հունվարին, շաբաթական կտրվածքով, ֆինանսական շուկա է մտնում մոտ 500-550 մլն ռուբլի, այնինչ տարեվերջում այդ ցուցանիշը մոտ 2 անգամ ավելի էր:

Այս շաբաթ կտրուկ անկում է արձանագրվել նաեւ վարկային շուկայում: Հունվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 18.9 մլրդ դրամ (մոտ 50 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 26.6 մլն ԱՄՆ դոլար: Սա վերջին 12 ամսում ամենացածր մակարդակներից մեկն է: Հետաքրքիր է, որ վարկերի նվազումը տեղի է ունենում տոկոսադրույքների անկման պարագայում, հանդիսանալով բացառապես տնտեսության սեզոնային պասիվության արտահայտություն: