Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին եւ նրան ներկայացրել քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարեւորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը տարբեր ոլորտներում։

Քաղաքապետը դեսպանի խնդրանքով ներկայացրել է մայրաքաղաքի զարգացմանն ուղղված այն հիմնական ուղղությունները, որոնք այսօր առաջնային են քաղաքային տնտեսության զարգացման, Երեւան առավել բարեկարգ, հարմարավետ  ու գրավիչ դարձնելու  ուղղությամբ: «Շատ կարեւոր է Ձեր եւ Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի աջակցությունը քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, փորձագիտական խորհրդատվության եւ ընդհանրապես բոլոր այն հարցերում , որոնք կնպաստեն մեր քաղաքի զարգացմանը»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Դեսպան Հեֆերնն իր հերթին պատրաստակամություն է հայտնել օժանդակել Միացյալ Նահանգների տարբեր քաղաքների եւ Երեւանի միջեւ կապերի սերտացման եւ կոնկրետ ծրագրերի իրականացման հարցում։