Չինաստանում մոտենում է լուսնային Նոր տարին կամ Վիշապի տարին` ըստ չինական 12 փուլից կազմված հորոսկոպի:
Սակայն մեկ բայց կա. Երկրագնդում այդ ամենասիրված եւ տարածված տոնի համար հնարավոր չէ կենդանի վիշապ գտնել: Սակայն հնարամիտ չինացինեերն այդ դիցաբանական էակի համար փոխարինող են գտել:
Չինական թռչնաշուկաներում կենդանիներ են վաճառվում, որոնց անվանման մեջ առկա է «վիշապ» հիերոգլիֆը: Չինաստանի մայրաքաղաքի թռչնաշուկայում հատկապես մեծ պահանջարկ ունեն քամելեոնները. հիերոգլիֆի նշանով նրանք կապված են վիշապի հետ: Չինարենից ռուսերեն թարգմանելիս այն թարգմանվում է «վիշապ, որը կարող է փոխել կաշվի գույնը»: Չինացիներն անգամ կենդանի շինշիլաներ են գնում, կամ, չինարենից բառացի թարգմանած, «վիշապակատուներ»: Ավելորդ է խոսել «վիշապ» հիերոգլիֆի նման լողակներ ունեցող ոսկե եւ կարմիր ձկների մասին, թեեւ չինական չափանիշներով գինը շատ թանկ է: Նման մեկ ոսկե ձկնիկը 5 հազար յուան արժե (792$): Կարմիրներն ավելի թանկ են, քանի որ կարմիր գույնը երջանկության եւ բարգավաճման գույնն է:
Վաճառողներն շտապում են վաճառել իրենց ապրանքը մինչեւ հունվարի 23-ը` Վիշապի տարին սկսելը: Իհարկե, եթե դա էլ չիրականանա, նրանք չեն ճնշվի: Լուսնային ամսվա երկրորդ օրը չինացիներին սպասվում է նոր պատվավոր տոն` «Օր, երբ վիշապը գլուխն է բարձրացնում»: Ըստ առասպելների` վիշապն արձագանքել է գյուղացիների աղաչանքներին եւ նրանց անձրեւ ուղարկել: Դրա համար Երկնային տիրակալը նրան լեռան տակ է փակել: Այդ ժամանակից ի վեր վիշապը տարին մեկ անգամ գլուխ է բարձրացնում շրջապատող աշխարհին նայելու համար: Դա տեղի է ունենում, երբ բնությունը զարթոնք է ապրում ձմեռային քնից հետո:
Իսկ այն պեկինցիների համար, որոնք չեն կարող առանց հրավառությունների զվարճանքի, նոր հրավառություն է վաճառքի հանվել: Չինացիները շատ են պատվում վիշապներին, որոնք մի քանիսն են եւ կառավարում են մի քանի տարերքների: Նրանց համար այս տարի հատուկ հրավառություն է պատրաստվել, մասնավորապես` «Ոսկե վիշապը կատարում է ցանկությունները» եւ «Նեֆրիտից վիշապը ոսկի է շաղ տալիս»:
Այսօրվանից Պեկինում թույլատրված է տարբեր տեսակի հրավառությունների վաճառքը: Պեկինցիները կարող են հրավառություններ արձակել սկսած երեկոյան ժամը 7-ից մինչեւ կեսգիշեր: Իսկ մինչեւ Գարնան տոնի նախօրեն եւ Նոր տարվա առաջին օրը նրանք կարող են դրանով զբաղվել անդադար, ասվում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թողարկման մեջ:




























