Անցած տարեվերջում Հայաստանում ստեղծվեցին երկու նոր ֆուտբոլային ակումբներ` Աբովյանի «Քինգ Դելյուքսը» եւ Մարտունիի «Ալաշկերտը», որոնք հանդես կգան Առաջին լիգայում:

«Ալաշկերտի» առաջին ժողովը տեղի ունեցավ դեկտեմբերի 20-ին, իսկ երկու օր անց գլխավոր մարզիչ Արմեն Սարգսյանն արդեն անցկացրեց առաջին մարզումը: Փորձառու մարզիչը պետք է թիմ ստեղծի` չունենալով ոչ մի հիմք: Մարզիչներն անմիջապես անցան սելեկցիոն աշխատանքի: Թիմի նպատակն է հենց առաջին փորձից դուրս գալ Հայաստանի առաջնության Բարձրագույն խումբ: Դրա համար թիմին անհրաժեշտ են փորձառու ֆուտբոլիստներ: Արդեն «Ալաշկերտում» են հայ ֆուտբոլասերին ծանոթ Սերգեյ Էրզրումյանը, Արամ Հակոբյանը, Կարեն Նավոյանը, Լեւոն Ղասաբօղլյանը, որոնք Բարձրագույն խմբում հանդես գալու մեծ փորձ ունեն: «Փյունիկից» «Ալաշկերտ» է տեղափոխվել նաեւ Խորեն Մանուչարյանը:

Ակումբը նախատեսում է ներգրավել նաեւ երիտասարդ ֆուտբոլիստների, բայց` ապագայում: Իսկ հիմա առաջնային է համարվել փորձառու խաղացողների օգնությամբ դուրս գալ Առաջին լիգայից: Ընտրությունը կկատարվի մոտ 50 ֆուտբոլիստներից, որոնց մասնակցությամբ ստուգողական հանդիպումներ են անցկացվում: Իսկ այլ ակումբի հետ «Ալաշկերտն» առաջին անգամ կխաղա հունվարի 26-ին: Մրցակիցը կլինի չեմպիոն «Ուլիսը»:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը