Դուք գիտե՞ք, որ ChatGPT-ին ուղարկված բոլոր հարցերը կարող են պահպանվել նույնիսկ ջնջելու դեպքում, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են փոխանցվել իրավապահ մարմիններին։ Այս որոշումը կայացրել է Նյու Յորքի դատարանը՝ ամենաաղմկոտ գործերից մեկում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Խոսքը The New York Times-ի դեմ OpenAI-ի գործի մասին է։ Թերթը պնդում է, որ OpenAI-ն հեղինակային իրավունքները խախտելով օգտագործում է պարբերականի նյութերը։ Դատարանը որոշում է կայացրել, որը ռումբի պայթյունի ազդեցություն է ունեցել։ Մասնավորապես, դատարանը որոշել է, որ OpenAI-ն պետք է պահպանի օգտատերերի հարցումները, նույնիսկ այն բանից հետո, երբ դրանք ջնջվեն, քանի որ դրանք կարող են ծառայել որպես ապացույց։ Սա նշանակում է, որ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ անձնական տվյալների պահպանման հետ կապված։

OpenAI-ի տնօրենն արդեն հայտնել է, որ ընկերությունը պատրաստվում է բողոքարկել այս միջանկյալ որոշումը։ Եթե դատարանի որոշումը մնա ուժի մեջ, ապա կառաջանա նույն իրավիճակը, ինչ Google-ի հետ, որը պահպանում է որոնման պատմությունը, նույնիսկ երբ դուք այն ջնջում եք, կամ բջջային օպերատորների դեպքը, որոնք պահպանում են նույնիսկ ջնջված զանգերի և հաղորդագրությունների պատմությունը։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից դուրս իրավասությանը, ապա յուրաքանչյուր դեպք կքննվի օրինականության և դատավարական նորմերի շրջանակներում։ Սակայն ակնհայտ է, որ այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, կարող են OpenAI-ից տվյալներ պահանջել որևէ գործի շրջանակներում։ Թե արդյոք ընկերությունը կփոխանցի այդ տվյալները, ցույց կտա ժամանակը»,- նշել է նա։