Հնարավորություն կա այսպես կոչված Թրամփի երթուղին կազմակերպել այնպես, որ Իրանի շահերին վնաս չհասցվի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դրա մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
Ըստ նրա՝ նման հնարավորություններ քննարկվել են Անդրկովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ նախորդ երկխոսությունների ժամանակ, և այդ քննարկումներն այսպես թե այնպես ներառել են Սյունիքի ճանապարհը։
«Խոսքը Զանգիլանի շրջանից մինչև Նախիջևանի Օրդուբադի շրջան 42 կիլոմետրանոց կամրջի կառուցման մասին է։ Այդ գաղափարը արտահայտվել է, և արտահայտվում է նաև այսօր։ Այդ կամուրջը կապահովի երկաթուղային և ճանապարհային կապ դեպի Նախիջևան և այնուհետև՝ Թուրքիա (և հակառակ ուղղությամբ)՝ առանց հայկական կողմի հետ անմիջական շփման։
Այսպիսով, Հայաստանի և Իրանի միջև ցամաքային կապը կմնա անփոփոխ։ Դա կարևոր է ոչ միայն հայկական կողմի մտահոգությունների տեսանկյունից, այլև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում»,- նշել է Արեշևը։




























