2024 թվականին, 2023 թվականի համեմատ, չհաշված 2020 թվականը, Հայաստանի զբոսաշրջության պատմության մեջ առաջին անգամ գրանցվել է երկիր ներգնա զբոսաշրջային այցելությունների նվազում։ Նվազումը կազմել է 4,7%։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Նա պարզաբանել է, որ կորոնավիրուսի շրջանի տվյալները հաշվի չառնելով՝ այլ տարիներին նվազում չի գրանցվել, բացառությամբ 2024 թվականի։

Ապրեսյանը ցավով նշել է, որ միտումը պահպանվել է նաև ապագայում. 2025 թվականի առաջին եռամսյակում, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազումը կազմել է 11%։ «Բարեբախտաբար, 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին ցուցանիշներն աստիճանաբար սկսել են վերականգնվել»,- հավելել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական գործոնները և տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ազդեցություն են ունեցել բացասական ցուցանիշների վրա։ «Աշխարհաքաղաքական գործոնների առումով մեր թիրախային շուկաները՝ ԱՄՆ-ը, Ճապոնիան, եվրոպական երկրները, իրենց արտգործնախարարությունների կայքերում Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն պահում են «կարմիր գոտում»։ Այդ  գոտին հիմնականում ներառում է Վայծ Ձորը, Սյունիքը, Գեղարքունիքը»,- նշել է փորձագետը։

Բացի դրանից, անհարկի գնաճը ևս բացասական ազդեցություն է ունենում, հատկապես Ռուսաստանից այցելությունների վրա, մանրամասնել է Ապրեսյանը։ «Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունից այցելությունների նվազումը զգալի ազդեցություն ունի ընդհանուր ցուցանիշի վրա, չնայած այն հանգամանքին, որ այլ ուղղություններից լուրջ նվազում չկա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ աճ է գրանցվում։ Դա պայմանավորված է նրանով, որ Հայաստան զբոսաշրջային այցելությունների 40-50%-ը կատարվում է Ռուսաստանից»,- հավելել է նա։

Փորձագետը հայտնել է, որ Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել օրինագիծ՝ գնաճը մեղմելու համար։ «Մեր առաջարկները շրջանառության մեջ են դրվել։ Օրինագիծը վերաբերում է Հարկային օրենսգրքի փոփոխություններին և նպատակ ունի ներգնա զբոսաշրջային փաթեթների վաճառքին առնչվող ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ մտցնել։ Հուսով ենք՝ կառավարությունը կհաստատի առաջարկվող փոփոխությունները, քանի որ դա կմեղմի գնաճը և կնպաստի զբոսաշրջային այցելությունների վերականգնմանը»,- ընդգծել է նա։

Ապրեսյանը նշել է, որ միջինում յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում ծախսում է 1000 դոլարից ավել՝ հաշվի առնելով ընդհանուր գնաճը և հայկական դրամի զգալի արժեզրկումը։