ԱՄՆ-ն Ջորջ Բուշ Կրտսերի վարչակարգի օրոք Իրանի նկատմամբ ռազմական հարձակման մեջ իմաստ չէին տեսնում եւ կարծում էին, որ Իսրայելի համար ուժերից վեր է նման ռազմական հարձակումն իրագործելը: Այդ մասին հայտարարել է ԿՀՎ-ի եւ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության ղեկավար, գեներալ Մայքլ Հեյդենը` նեղ շրջանակներում:

«Երբ մենք այդ մասին խոսում էինք կառավարությունում,  մի ընդհանուր կարծիք էր գերիշխում, որ դա կհանգեցներ մի այնպիսի իրավիճակի, որից մենք խուսափում էինք: Իրանը ոչ մի բանի առաջ կանգ չէր առնի միջուկային զենք ստեղծելու համար, եւ այն կստեղծեր նաեւ գաղտնի», - նախկին հետախույզի խոսքերն է փոխանցում Foreign Policy շաբաթաթերթը:

Ըստ մասնագետի` Իրանի վրա հարձակումը Իսրայելի համար էլ հեշտ չի լինելու: Առավել եւս, որ, ի տարբերություն ԱՄՆի, եվրոպական պետության համար այն անհնարին է: Ըստ Հեյդենի` իսրայելցիների համար դա ուժերից վեր է, նրանք այդպիսով ավելի կսրեն դրությունը:

Ըստ նրա` Իրանի նկատմամբ գործելաոճում առաջնային պետք է լինեն ոչ թե ռազմական գործողությունները, այլ քաղաքական գործընթացները: «Բանը բոլորովին էլ նրանում չէ, որ մենք չենք ուզում, որ Իրանը միջուկային պոտենցիալ ունենա, այլ նրանում, որ չենք ուզում, որ այն ունենա այսօրվա Իրանը», - մանրամասնել է նախկին հետախույզը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: