Առաջիկայում կլինեն որոշակի քննարկումներ, որոշակի իրադրության փոփոխություններ եւ այդ ժամանակ միայն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, մշակույթի նախկին նախարար, ներկայումս ԲՀԿ-ական Թամար Պողոսյանը կպատասխանի, թե ԲՀԿ ցուցակով կառաջադրի իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում, թե ոչ:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Թամար Պողոսյանը:
Հարցից, թե ցանկություն ունի առաջադրվելու խորհրդարանական ընտրություններին, Թամար Պողոսյանը խուսափեց` առաջարկելով թեմայից առայժմ ձեռնպահ մնալ: «Հիմա ես բացարձակապես ուրիշ գործընթացների մեջ եմ: Մասնավորապես հանդիպումների մեջ եմ տարածաշրջանում եւ այդ մասին դեռեւս քննարկում չի եղել»,- նկատեց Թամար Պողոսյանը: Ամեն դեպքում հետաքրքրվեցինք, որ եթե նման առաջարկ լինի կընդունի, թե ոչ ինչին ի պատասխան նա արձագանքեց. «Դա քննարկման խնդիր է: Առաջարկը օդի մեջ չեն քննարկում, առաջարկը լինում է որոշակի պայմանավորվածությունների շուրջ եւ դեռ չի եղել նման բան: Ամեն ինչ ունի իր ժամանակը: Ես ինքս էլ հասկանալու խնդիր ունեմ, եթե մի բան ես ինքս չգիտեմ, ինչպես կարող եմ ձեզ տեղեկություն տալ: Բավարարվեք այդքանով, առաջիկայում կլինեն որոշակի քննարկումներ, որոշակի իրադրության փոփոխություններ եւ այդ ժամանակ բնականաբար կարող եք ստանալ ձեր պարզաբանում»:



























