Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան արձագանքել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի խոսքերին, որը կոչ էր արել Վոլոդիմիր Զելենսկուն «դադարեցնել Հունգարիայի էներգետիկ անվտանգությանը սպառնացող գործողությունները»՝ կապված «Դրուժբա» նավթամուղի վրա հարձակումների հետ։

«Պետք չէ ցուցումներ տալ Ուկրաինայի նախագահին, թե ինչ անել, ինչ ասել և երբ։ Նա Ուկրաինայի նախագահն է, այլ ոչ թե Հունգարիայի։ Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը ձեր սեփական ձեռքերում է։ Դիվերսիֆիկացվեք և անկախացեք Ռուսաստանից, ինչպես մնացած Եվրոպան»,- գրել է Սիբիգան Х-ում։

Հունգարիայի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ կոչ է արել Ուկրաինային դադարեցնել «Դրուժբա» նավթամուղի վրա հարձակումները, որն, ըստ նրա, «կարճ ժամանակահատվածում երրորդ անգամ» է հարձակման ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, հաղորդում է BBC-ն։

Պետեր Սիյարտոն Facebook-ում գրել է. «Վերջին օրերին Ուկրաինան լուրջ ոտնձգություններ է ձեռնարկել մեր էներգամատակարարումների անվտանգության դեմ, իսկ էներգետիկ անվտանգության դեմ ոտնձգությունները պետք է ընկալել որպես ոտնձգություն ինքնիշխանության դեմ։ Պատերազմը, որի հետ մենք ոչ մի կապ չունենք, մեր ինքնիշխանության խախտման օրինական բացատրություն չէ։ Մենք Վոլոդիմիր Զելենսկուն կոչ ենք անում չսպառնալ Հունգարիային և ռիսկի տակ չդնել մեր էներգետիկ անվտանգությունը»։

Հունգարիան Ուկրաինային մեղադրել է օգոստոսի 13-ին, 18-ին և 22-ին «Դրուժբա» նավթատարի վրա հարձակումների համար։ Վերջին երկու հարվածները հանգեցրել են դեպի Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարման դադարեցմանը։ Սիյարտոյի խոսքով՝ օգոստոսի 22-ի գիշերային հարձակումը Հունգարիային և Սլովակիային հինգ օրով զրկել է նավթամատակարարումից։

Սիյարտոն և Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը նամակ են հղել ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Կայա Կալլասին և եվրահանձնակատար Դան Յորգենսին՝ խնդրելով նրանց ազդել Կիևի վրա և կանխել «Դրուժբայի» վրա նոր հարձակումները։

Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել խողովակաշարի վրա հարձակումների մասին հաղորդագրությունները, սակայն Բրյանսկի մարզի նահանգապետը, որի միջով անցնում է խողովակաշարը, հայտնել է, որ օգոստոսի 22-ի գիշերը «համատեղ հարձակումը հետ մղելու արդյունքում» հրդեհ է բռնկվել «վառելիքի ենթակառուցվածքների օբյեկտում», առանց մանրամասնելու, թե որում։