Ոստիկանությունը բացահայտել է Գյումրիի բնակչուհի, 21-ամյա Մարի Դավթյանին սպանությունը: Հիշեցնենք, որ նրա  դին` այրված ու հոշոտված վիճակում, ոստիկանները հայտնաբերել էին Գյումրիի նախկին Պոլիտեխնիկի կիսաքանդ շենքի նկուղում: 

NEWS.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` նրան սպանել է 51-ամյա Գեւորգ Թադեւոսյանը` իր աղջկա պատիվը փրկելու համար:  Մեր տեղեկությունը բացահայտման մասով հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվության վարչությունից եւ հայտնեցին, որ  հունվարի 21-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած  միջոցառումների  արդյունքում պարզվել է, որ Գյումրիի 51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գեւորգ Թադեւոսյանը հունվարի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում,  նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի քանդված մասնաշենքի 1-ին հարկում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքներով հարվածել է Մարի Դավթյանի ծնոտին, կպչուն ժապավենով կապել ոտքերը,  գլխին պոլիէթիլենային պարկ հագցրել, եւ շնչահեղձ անելով` պարկը կպչուն ժապավենով փաթաթել վզին, որից հետո մարմինը ծածկելով լաթի կտորներով` գնացել է տուն:  Վերադարձել է նույն օրը, ժամը 19-ի սահմաններում եւ նշված վայրում, կնոջ վրա դիզելային վառելիք  լցնելով` հրկիզել է:  Գեւորգ Թադեւոսյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Այս դեպքը ուշագրավ է մեկ այլ փաստով: Պարզվում է, որ նույն Գեւորգ Թադեւսյանի որդին 2009 թվականին նույն դաժանությամբ  վարվել է մեկ այլ կնոջ հետ: Նրան սպանել, այրել ու դին թաքցրել նույն վայրում: Մեր աղբյուրի փոխանցմամբ դարձյալ քրոջ թասիբի համար է եղել վրեժխնդրությունը: Ինչպես երեւում է նախկին պլիտեխնիկի շենքը այս ընտանիքի «քաջագործությունների» թաքստոցն է: