Պարսիկ ծրագրավորող Սաիդ Մալեքպուրը մահպատժի է դատապարտվել համացանցի իրանական հատվածում պոռնոկայք ստեղծելու համար: Մալեքպուրը Կանադայի քաղաքացի է, ձերբակալվել է Իրան կատարած այցի ժամանակ , որից հետո դատական բոլոր ատյաններով նրա նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել:
35-ամա Մալեքպուրը մշտապես բնակվել է Կանադայում, եկել էր Իրան` հիվանդ հորը տեսնելու, այդ ժամանակ էլ ձերբակալվել է: Դրանից մեկ տարի անց իրանական պետական հեռուստաալիքը եթերում ցուցադրել է Մալեքպուրի խոստովանությունը: Ավելի ուշ նա նամակ էր գրել` հրաժարվելով իր ցուցմունքներից եւ հայտարարել, որ իրեն ստիպել են խոստովանել այն, ինչ չի արել:
Մալեքպուրի փաստաբանների խոսքով` դատավճիռը կարող է ի կատար ածվել հաջորդ շաբաթ:
Թեհրանում Կանադայի դեսպանատան պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ափսոսում են երկրի իշխանությունների որոշման համար, որոնք «եւս մեկ անգամ ապացուցեցին իրենց արհամարհական վերաբերմունքը մարդկային կյանքի նկատմամբ», գրում է NEWSru.com-ը:




























