Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 23–ի շնորհավորական ուղերձով էլ ավելի հաստատվեցին այն կարծիքները, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ անկախության հռչակագրին հղումը վերանալու է մեր սահմանադրությունից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։

«Չի բացառվում՝ եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով իրենք կարողանան վերարտադրել իրենց իշխանությունը, մենք ընդհանրապես այդ անկախության հռչակագրից կհրաժարվենք, չգիտեմ, նոր Հանրապետություն կհռչակեն, այդ փաստաթուղթը կդառնա ինչ-որ պատմական ուղղակի մի փաստաթուղթ։

Ինչը վերաբերվում է պատերազմին, առանց այդ պատերազմի Նիկոլ Փաշինյանը չէր լինի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սնվում է հենց այդ պատերազմից։ Առնվազն 2019 թվականին իր բանակցային սեղանին կար փոխզիջումային տարբերակ, որով, ըստ լրատվական արտահոսքերի, հայկական կողմը պետք է հինգ տարածքները զիջեր Ադրբեջանին, դրանից հետո ամրագրվում էր Արցախի անցումային կարգավիճակը և սահմանապահ խաղաղապահ զորք պետք է մտներ Արցախի Հանրապետության տարածքներ։ Եթե դա տեղի ունենար Արցախի պետականության հիմքերը կշարունակեին ամուր մնալ, Արցախը կշարունակեր գոյություն ունենալ, Ռուսաստանն էլ այստեղ իր խաղաղապահների շնորհիվ կամրապնդեր իր դիրքերը Հարավային Կովկասում։ Նիկոլ Փաշինյանի համար այս առաջարկում, ամեն ինչ անընդունելի էր, դրա համար անհրաժեշտ էր պատերազմը։ Պատերազմական գործողությունների ընթացքում և հատկապես պատերազմի ավարտից հետո հիմնական քարոզչությունն այն է, որ ռուսները մեզ մենակ թողեցին, իրենք սադրեցին այս պատերազմը, վերջում էլ, եթե նաև վերհիշենք Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, ստացվում է, որ Խորհրդային Միությունը և նորանկախ Ռուսաստանը մեր ջեբն էին գցել Արցախյան պատերազմը, Արցախյան այս կոնֆլիկտը և մենք դրանից պետք է ազատվենք։

Հիմա որպեսզի ինչպես Բոլթոնն էր ասում՝ կարծրատիպերի փոփոխություն տեղի ունենա, ոչ միայն Արցախը դու չպետք է ընկալես որպես հայկական, այլ նաև Թուրքիան, Ադրբեջանը պետք է ընկալվեն որպես բարեկամներ, Ռուսաստանը, Իրանը, հատկապես Ռուսաստանը թշնամի։ Սրան հասնելու համար պատերազմը անհրաժեշտ էր, որպեսզի դու ոչ միայն վերջնականապես փակեիր Արցախի էջը, այլ նաև Արցախի հետ կապված ամենը, ինչ տեղի ունեցավ, նաև հետագա զիջումները, կորուստները, դու կապեիր Ռուսաստանի հետ։

Մենք ունենք էքզիստենցիալ թշնամիներ, ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, և դուրս բերելով մեզ Ռուսաստանի դեմ, առանց Արցախի, այդ անվտանգային երաշխիքները Նիկոլ Փաշինյանը չի տալիս։ Ամենամեծ սուտը, որ հիմա փորձում են հասարակությանը հրամցնել, հենց այն է, որ խաղաղությունը արդեն եկել է»,– հայտարարեց քաղաքագետը։

Նա նկատեց, որ երբ Փաշինյանն ասում է՝ մենք չպետք է բարձրաձայնենք արցախցիների վերադարձի հնարավորության հարցը, որովհետև թեպետ դա հումանիտար հարց է, բայց կարող է բերել պատերազմի. «Բայց Ադրբեջանն էլ ունի այսպես կոչված, արևմտյան Ադրբեջանի համայնքը, և Ալիևն ասում է՝ պարոն Փաշինյան, մենք տարածքային պահանջ չունենք ձեր նկատմամբ, մենք հումանիտար հարց ենք լուծում, պատմական արդարության հարց ենք լուծում, թողեք մենք վերադառնանք «մեր հայրենիք»։ Եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է այստեղ զիջման գնալ առանց պատերազմական գործողությունների 100 հազարավոր ադրբեջանցիներ տեղափոխել Հայաստան, սա մեկ այլ հարց է, բայց եթե մենք իր տրամաբանությամբ ենք շարժվում և վերծանում ենք Ադրբեջանից եկող ուղերձները, ստացվում է, որ մենք ավելի մոտ ենք հիմա պատերազմի, քան խաղաղության»,–ասաց Մաթևոսյանը։