Anonymous  խմբավորման հաքերները գրոհել են Ֆրանսիայի նախագահի կայքը` դրանով վրեժխնդիր լինելով աշխարհում ամենախոշոր ֆայլային փոխանակում իրականացնող կայքի` Megaupload-ի փակմանը Սարկոզիի աջակցության համար:

Գրոհի ժամանակ Ելիսեյան պալատի կայք այցելելիս բրաուզերի տողի վրա հայտնվել է Սարկոզիի հասցեին վիրավորական արտահայտություն,  ցանցահենության դեմ SOPA օրինագծի վերաբերյալ քննադատական արտահայտություն  եւ Anonymous-ի ֆիրմային ձեռագիրը` We Are Legion («Մենք լեգեոն ենք»):

Ավելի վաղ Anonymous-ը գրոհի էր ենթարկել ԱՄՆ արդարադատության նախարարության եւ Universal Music Group-ի կայքերը:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԱՄՆ դատախազությունը հասել էր  Megaupload ծառայության փակմանը:  Ռեսուրսի սեփականատերերը ձերբակալվել են եւ մեղադրվում են հեղինակային իրավունքի խախտման մեջ: Նրանց կողմից մտավոր սեփականությանը հասցված վնասը իրավապահները գնահատում են առնվազն 500 մլն դոլար: