Իսլամիստական կուսակցությունները վճռական հաղթանակ են տարել Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է  ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք տեւել էին մեկ ամիս: Ուժերի ընդհանուր բաշխումը պարզ էր դեռ վաղուց, իսկ այժմ հաշվարկվել են մանդատները, որոնք կստանա խորհրդարան անցած յուրաքանչյուր կուսակցություն:

 «Մուսուլման եղբայրներ» կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատում ստացել է  տեղերի 47,18%-ը, հաղորդում է Agence France-Presse-ը:

«Ազատության եւ արդարության կուսակցությանը»` «Մուսուլման եղբայրներ» խմբավորման քաղաքական թեւին, ընդհանուր թվով 253 մանդատ է բաժին հասել: Խորհրդարանում կան ընդամենը 498 պատգամավորներ, որոնցից 70%-ն ընտրվում է կուսակցական ցուցակներով, իսկ 30% -ը` անհատական: «Մահմեդական եղբայրները»  կուսակցական ցուցակով 127 տեղ է ստացել: 

Եգիպտոսի խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղն է զբաղեցրել ուլտրապահպանողական «Նուր» կուսակցությունը `121 մանդատ, այսինքն` 25%: Երրորդը լիբերալ «Վաֆդ» կուսակցությունն է`տեղերի 9 տոկոսով: Առաջին նիստը նշանակված է հունվարի 23-ին: 

Հիշեցնենք, որ ընտրությունները 3 փուլով են ընթացել. Դրանք 2011 թվականի գարնանը Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին իշխանությունից զրկելուց հետո առաջինն էին: Խորհրդարանի Վերին պալատը կընտրվի փետրվարին: Դրանից հետո երկու պալատները 100 հոգուց բաղկացած հանձնաժողով կկազմեն, որը կգրի Եգիպտոսի նոր սահմանադրությունը: