Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 26–ին, շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատավարությունը։ Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է քրեական հետպանդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի քննարկմանը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ  պաշտպանության կողմը ծանոթանալով վարույթի նյութերին՝ արձանագրել է՝ քրեական գործով միջնորդական վարույթը կատարվել է  դատավարական օրենքի էական խախտումներով, ուստի ստեղծված փաստաիրավական վիճակը հիմք է հանդիսանում սույն փուլում Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու։

Նա նշեց, որ ապացույցները ձեռք են բերվել օրենքի խախտումներով, չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում, չեն կարող օգտագործվել որպես ապացույց։

«Միջնորդում եմ անթույլատրելի ճանաչել քրեական վարույթը, ձեռք բերած բոլոր ապացույցները ու դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումը»,- ասաց Մակինյանը։

Մեղադրող դատախազն առարկեց. «Միջնորդությունն այս փուլում ենթակա է մերժման, քանի որ պատշաճ փուլում չի ներկայացվել»։

Ի վերջո, դատարանը մերժեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Սարգսյանի գործը վերաբերում է նրա՝ Պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերին։ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: