Վրաստանի Ստեպածմինդա բնակավայրի մոտ միջպետական մայրուղու ձնամաքրման աշխատանքերից Վրաստանի իշխանությունները դեռեւս ձեռնպահ են մնում։ Ինչպես այս մասին NEWS.am-ին տեղեկացեց Վրաստանում ՀՀ դեսպանությունը, նշված վայրում առկա է ձնահյուսքի վտանգ։

Նշենք, որ Ստեպածմինդայում ապաստանել են Հայաստանի 55-57 քաղաքացիներ, ովքեր ձյան տեղումներից փակված Վերին Լարսի ճանապարհը անցնելուց հետո եղանակային խոչընդոտների են հանդիպել Ստեպածմինդայում։

Ըստ դեսպանատան՝ չորս միկրոավտոբուսներով եւ մի քանի մարդատար մեքենաներով Հայաստանի քաղաքացիները, ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատելուց հետո, հասնելով Ստեպանծմինդա բնակավայրը, ի վիճակի չեն եղել շարունակել ճանապարհը` օդերեւութաբանական ծառայությունների եզրակացության հիման վրա Վրաստանի իշխանությունների կողմից` մայրուղու այդ հատվածում ճանապարհի երթեւեկությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու հետեւանքով:

Այդ արգելքը պահպանվում է մինչեւ օրս եւ, ի նկատի ունենալով այդ հատվածում ձյունային փլուզման վտանգը Վրաստանի իշխանությունները դեռեւս ձեռնպահ են մնում ճանապարհի մաքրման աշխատանքներ սկսելուց:

Դեսպանությունը անհապաղ կապ է հաստատել տեղական իշխանությունների եւ Վրաստանի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարության ղեկավարության հետ, որոնց հետ անընդհատ կապի մեջ է մինչ այս պահը:

ՀՀ դեսպանը Վրաստանի ԱԳ նախարարության միջոցով խնդրել է տեղական իշխանություններին հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ հատվածում կուտակված մեր քաղաքացիներին:

Դեսպանությունը տեղեկացնում է, որ նշված հատվածում անանցանելի իրավիճակում են հայտնվել ոչ միայն ՀՀ, այլեւ բազմաթիվ Վրաստանի քաղաքացիներ, որոնք տեղաշարժվելիս են եղել դեպի Թբիլիսի:

Ըստ Վրաստանի իշխանություններից ստացված վերջին տեղեկությունների` եղանակի բարենպաստ պայմանների դեպքում նախատեսվում է ճանապարհը մաքրել եւ երթեւկությունը վերսկսել մինչեւ հունվարի 22-ի երեկոյան:

Բնակլիմայական պայմաններից ելնելով` ստեղծված արտակարգ իրավիճակում ՀՀ դեսպանությունը արել եւ անում է հնարավոր ամեն ինչ` ՀՀ քաղաքացիների Հայաստան արագ եւ անվտանգ տեղափոխումը ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ պատկան մարմինները պարբերաբար ՀՀ քաղաքացիներին նախազգուշացնում են ձմռան շրջանում եւ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ձեռնպահ մնալ Կազբեգի-Վելին Լարս մայրուղու հատվածով ճանապարհորդելուց: Նման հայտարարություններին չհետեւելը հաճախ ստեղծում է բարդ իրավիճակ մեր քաղաքացիների համար եւ էական կազմակերպչական բարդություններ է առաջ բերում դրանք հաղթահարելու գործում: