Իրանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Բորուջերդին հայտարարել է, որ Թեհրանը համաձայնել է Բուշերի ատոմակայանում ԱԷՄԳ-ի տեսուչների ներկայությանը այն պայմանով, որ նրանք ռուսներ լինեն։
«Միջազգային գործակալության տեսուչների Իրանում ներկայությունը կապված չէ տեսչական ստուգումներ անցկացնելու նպատակի հետ, այլ ուղղված է գործակալության հետ փոխգործակցության նոր կառուցվածք ստեղծելու շուրջ բանակցություններին, քանի որ նրանք բազմաթիվ խախտումներ են թույլ տվել և ինչպես խոստովանում են ամերիկացիները, ոչնչացրել են մեր խաղաղ միջուկային օբյեկտները»։
«Գործակալության կանոնադրության մեջ չկա որևէ արձանագրություն, որը կնախատեսի երկրի հարձակման ենթարկված օբյեկտներ այցելելը։ Այցը կսահմանափակվի Բուշերի ատոմակայանով և միայն այն պատճառով, որ վառելիքի նոր բեռնումը պետք է իրականացվի գործակալության հսկողության ներքո և մենք ընդունեցինք այս պայմանը՝ պնդելով, որ տեսուչները պետք է լինեն ռուսներ», - նշել է նա, հաղորդում է Pars Today-ը։
Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտնել է, որ Իրանի Բուշերի ատոմակայանում վերսկսվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գործունեությունը։
«Թեհրանը կրկին ապացուցեց, որ գործակալության պատասխանատու գործընկեր է, նույնիսկ հիմա՝ ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա կատարված աղմկոտ ռազմական հարձակումներից հետո», - նշել է նա։




























