Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում, հունվարի 21-ին, տեղի է ունեցել վրաց հայտնի արձակագիր, Վրաստանի գրողների միության նախագահի առաջին տեղակալ, բանասիրության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստանի «Պատվո շքանշանի» ասպետ, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ եւ «Վրաստանի արձակի» ասպետ Ռեւազ Միշվելաձեի «Երբ արցունքն էլ ցամաքեց» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Թբիլիսիում գտնվող Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը, Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մաղվալա Գոնաշվիլին, ինչպես նաեւ Վրաստանի մտավորականության եւ կրթամշակութային շրջանակների եւ հայ համայնքի ականավոր ներկայացուցիչներ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսավոր միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել թարգմանության հեղինակ, բանաստեղծուհի, հասարակական գործիչ, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ Անահիտ Բոստանջյանը: Հեղինակին մեծարանքի խոսքեր են ուղղվել, մասնավորապես՝ Հայաստանի եւ Վրաստանի գրողների միությունների նախագահների կողմից:



























