MegaUpload ֆայլափոխանակման համակարգի գործունեության հետաքննության շրջանակներում Եվրոպայում երկու մարդ են ձերբակալել, որոնց ավելի վաղ հետախուզում էին հայտարարել:

Գերմանիայում ձերբակալվել է 39-ամյա Սվեն Էհտերնախը: Գերմանական օրենքներով, Էհտերնախին չեն հանձնելու այլ երկրի իշխանություններին: Երկրորդ ձերբակալվածը էստոնացի Անդրուս Նոմմն է, ում հայտնաբերել են Նիդեռլանդներում: Ձերբակալվածները մեղադրվում են ինտերնետային ցանցահենության ու գումարների լվացման մեջ, հաղորդում է Reuters-ը: Դեռ հետախուզման մեջ է Յուլիուս Բենկոն Սլովենիայից:

Նշենք, որ MegaUpload ծառայությունը փակել են հունվարի 19-ին միջազգային հատուկ գործողության արդյունքում: MegaUpload ընկերությունը գտնվում է Հոնգկոնգում, իսկ սերվերները` ԱՄՆ-ում եւ Նիդեռլանդներում, ղեկավար Քիմ Դոթքոմը ապրում էր նոր Զելանդիայում:

ԱՄՆ իշխանությունները նրան մեղադրում են ռեսուրսի ապօրինի գործողության արդյունքում 175 մլն դոլար ապօրինի եկամուտ ստանալու մեջ: Նրա պաշտպանները պնդում են, որ ռեսուրսն օգտագործվել է միայն ֆայլերի պահպանման համար: