Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարները։
«Շուտով Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը, բազմակողմանի գործընկերությունը»,- հայտարարել է Ալիևը չինական Տյանցզին քաղաքում «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպման ժամանակ իր ելույթում։
Նրա խոսքով՝ «միջանցքը» օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մոտիկ և հեռավոր հարևաններին՝ երկրի սահմաններից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ։ Նա ընդգծեց, որ Միջին միջանցքը հուսալի և անվտանգ երթուղի է, որը կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան և Եվրոպան Ադրբեջանի միջոցով։ 2022 թվականից ի վեր Ադրբեջանի միջով անցնող Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալը աճել է գրեթե 90 տոկոսով։ «Վերջերս ձեռք բերված համաձայնությունները՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու վերաբերյալ, կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը», - հավելել է Ադրբեջանի նախագահը։
Այսպիսով, նոր երթուղու լայն հնարավորությունները մանրամասնելով՝ Ալիևը նույնիսկ չի անհանգստացել նշել, թե ում հետ են ձեռք բերվել այդ պայմանավորվածությունները, և թե ում տարածքով է անցնելու երթուղին։ Ընդհակառակը, այն ձևով, ինչպես ադրբեջանական առաջնորդը շարադրում է իր մտքերը, հնարավոր է եզրակացնել, որ այն տարածքը, որով անցնելու է միջանցքը, նույնպես ադրբեջանական է։





























