Ակնհայտ է, որ TRIPP-ի կամ «Թրամփի ուղու» ստեղծման համար անհրաժեշտ կլինի եւս մեկ փաստաթուղթ ստորագրել Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ, ըն որում չեմ բացառում՝ փաստաթուղթ, որ արդեն կունենա իրավաբանական ուժ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանը։
«Այսինքն չի լինի հռչակագիր կամ համագործակցության հուշագիր, այլ կունենա իրավաբանական ուժ, որը գուցե պետք է անցնի վավերացում խորհրդարաններում եւ այլն։ Սակայն առայժմ մենք նույնիսկ չենք էլ սկսել այդ փաստաթղթի մշակումը, եւ հետեւաբար բավականաչափ ժամանակ կա, մինչեւ այդ փաստաթուղթը կմշակվի, կհաստատվի։ Չեմ բացառում, որ այդ ամենը տեղի ունենա նույնիսկ արդեն2026թվականի հունիսին խորհրդարանական ընտրություններից հետո», - ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ այդ իսկ պատճառովգոնե առաջիկա ամիսներին Ռուսաստանը եւ Իրանը կարիք չունեն որեւէ կոշտ, կոնկրետ քայլերի, որովհետեւ կոնկրետ ոչինչ չի էլ կատարվում։
«Բայց ռազմավարական առումով հասկանալի է, որ ո՜չ Ռուսաստանը, ո՜չ էլ Իրանը չեն կարող գոհ լինել կամ «երջանիկ» լինել այն փաստից, որ Հայաստանում հաստատվելու են ամերիկացիները, ընդ որում անկախ նրանից, թե դա կլինի ամերիկյան ձեռնարկություն, դա կլինի համատեղ հայ-ամերիկյան ձեռնարկություն, որը կգրանցվի Հայաստանում, թե այդ ձեռնարկությունը կգործի ամերիկյան օրենքներին համապատասխան, թե կգործի լիովին հայաստանյան օրենսդրական դաշտում։ Անկախ այս հանգամանքներից պարզ է, որ ամերիկացիների որեւէ տարբերակով Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում հայտնվելը, չի կարող ուրախացնել ո՜չ Ռուսաստանին, ո՜չ էլ Իրանին», - շեշտեց Պողոսյանը։
Բացի այդ, փորձագետի խոսքով, թե՜ Ռուսաստանը, թե՜ Իրանը շատ ավելի կարեւոր խնդիրներով են զբաղված։
Նրա կարծիքով՝ Իրանը կարծես թե պատրաստվում է հաջորդ իրանա-իսրայելական պատերազմին, իսկ Ռուսաստանը փորձում է հասկանալ, թե կարող է արդյոք Միացյալ Նահանգների հետ ինչ-որ պայմանավորվածությունների հասնել Ուկրաինայում ընթացող պատերազմին զուգահեռ։











