Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարները հաստատել են իրանական նավթի նկատմամբ  էմբարգոյի կիրառումը` սկսած 2012 թվականի հուլիսի 1-ից: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով ԵՄ դիվանագիտական շրջանների աղբյուրներին: ԵՄ-ի ԱԳ նախարարների այսօրվա նիստի հայտարարությունը պաշտոնապես դեռ չի հրապարակվել:  

Ըստ դիվանագիտական աղբյուրների տվյալների` էմբարգոն կկիրառվի փուլերով, եւ արդեն հուլիսի 1-ին Թեհրանից նավթ գնող Եվրամիության անդամները լիովին կդադարեցնեն ներկրումը:

Բրյուսելում քննարկվում են նաեւ Իրանի նկատմամբ կիրառվելիք այլ պատժամիջոցներ, մասնավորապես` Իրանի ԿԲ –ի նկատմամբ եւ իրանական կառավարության հետ ոսկու առեւտրով զբաղվելու առնչությամբ:

Ինչպես գրում է rbc-ն, ԵՄ-ն ծավալային առումով , Չինաստանից հետո, իրանական նավթի երկրորդ սպառողն է: Նրա մատակարարման արգելքը կարող է հիվանդագին դառնալ հենց եվրոպացիների համար: Ամենից շատ կտուժի Հունաստանը, որի նավթի 25 տոկոսը մատակարարվում է Իրանից, ընդ որում` արտոնյալ պայմաններում: «Այժմ Աթենքը եւ այլ սպառողներ ստիպված են լինելու փնտրել մատակարարման այլընտրանքային տարբերակներ: Հավանաբար, Մահմուդ Ահմադինեջադի նավթը կփոխարինվի Սաուդյան Արաբիայի ժողովրդավարական ճիշտ նավթով, որն արդեն հայտնել է արարդյունահանման օրական 2մլն բարելով ավելացման մասին», - գրում է խմբագրությունը: