Հայաստանի հիմնական ռեսուրսները համախմբվում են նախագահի շուրջ: Հունվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը:

«Հայ հասարակության գլխավոր խնդիրը մնում է չլուծված, գործող քաղաքական համակարգը հակաժողովրդավարական է: Դրա հետ միաժամանակ հասարակությանը հետաքրքրում են նաեւ կոռուպցիան, ներգաղթը, ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը: Միաժամանակ քաղաքական դաշտում իրավիճակում երկու ճամբարներում` իշխանության եւ ընդդիմության, տարբերվում է»,- ասել է փորձագետը:

Նրա կարծիքով, իշխանական ճամբարում հիմնական համախմբում է ընթանում մեկ փոքր խմբի շուրջ: Ըստ էության, դա ոչ այլ ինչ է, քան իշխանության կենտրոնացում եւ օլիգարխիկ խմբի նեղացում: Նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվում են հիմնական ռեսուրսները:

Վարդանյանի խոսքով, իշխանության լծակներից մեկը ընտրություններում լինելու է մեծամասնական ընտրակարգը, որով ընտրվում են 131 պատգամավորներից 41-ը: «Իշխանության ձեռնտու է, որ այդ ընտրատարածքներից օլիգարխներ անցնեն: Առաջին, նրանք լավ են աշխատում հասարակության հետ եւ ձայներ հավաքելու որոշակի լծակներ ունեն: Երկրորդ, իշխանությունները նրանց հանձնարարում են ձայներ բերել կուսակցական ցուցակների համար: Բացի այդ, կառավարող կոսւակցությունները հնարավորություն են ստանում ձեւականորեն հեռու մնալ օլիգարխներից` նրանց ներկայացնելով ցուցակներից դուրս»,- նշել է փորձագետը: