Հայ հասարակությունն արդեն համախմբված չէ մեկ բողոքական ձեւաչափում, ինչպես 2008 թվականին:Այս մասին, այսօր` հունվարի 23-ին, մամուլի ասուլիսում նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը: «Կան մի քանի ընդդիմադիր ուժեր, որոնց խնդիրները, թվում է, չեն փոխվել, սակայն ակնհայտ է ակցենտների փոփոխությունը»,-ասաց նա:

Ներկայումս, ըստ փորձագետի, գլխավոր խնդիրը, որի մասին բարձրաձայնում է ընդդիմությունը, դա ընտրական համակարգի փոփոխումն է եւ անցումը կուսակցական ցուցակներով ընտրության:

«Վերջին ժամանակներս Հայաստանում էր Ջոն Պրեսկոտը, ով հայտարարել է, որ երկրում առաջվա ծանր իրավիճակը չէ: Ըստ էության, չկա նաեւ քաղաքական ճգնաժամ եւ ընդդիմության հիմնական խնդիրը ընտրական համակարգն է»,- ընդգծեց Վարդանյանը:

Նրա ներկայացմամբ, դա չի նշանակում, որ ընդդիմությունը հրաժարվում է նախկինում իր առջեւ դրված խնդիրներից: «Սակայն նրանք փորձում են գործել Real-politic-ի շրջանակներում, հասկանալով, որ ոչ բոլոր նպատակները կարող են ամբողջությամբ կատարվել: Ոսւտի նրանք առաջիկա ընտրություններում գործում են իրենց հնարավորությունների շրջանակներում»,-ամփոփեց նա: