Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ բանակցությունների վերջին երկու փուլերը չեն կարողացել վերջնական արդյունքի հասնել, հաղորդում է Mehr-ը։
Գերատեսչության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին հայտարարել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ բանակցությունները շարունակելու վերաբերյալ դեռևս որևէ որոշում չի կայացվել։ Բարձրաստիճան դիվանագետը «չափազանց անպատասխանատու և իրավաբանորեն անհիմն» է որակել եվրոպական երեք երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) գործողությունները՝ զգուշացնելով, որ դրանց հետևանքները կդրսևորվեն բազմաթիվ ոլորտներում։
«Մինչ օրս ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալի մակարդակով Իրանի արտաքին գործերի նախարարության և Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնյաների հետ երկու հանդիպում է տեղի ունեցել, սակայն վերջնական արդյունքներ չեն ձեռք բերվել», - ասել է Բաղային։
Նա հավելել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչները Իրան են ժամանել բացառապես Բուշերի իրանական միջուկային ռեակտորի վառելիքի բեռնմանը հետևելու համար, որն իրականացվել է միջազգային կանոններին համապատասխան՝ կայանի անխափան աշխատանքն ապահովելու համար։
«Ներկայումս Իրանում ԱԷՄԳ-ի տեսուչներ չկան, սակայն Իրանի և գործակալության միջև շփումները շարունակվում են։ Իրանը վերահաստատել է իր հավատարմությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով և Համապարփակ անվտանգության համաձայնագրով ստանձնած պարտավորություններին՝ Վիեննայում իր առաքելության միջոցով շարունակական կապեր պահպանելով», - եզրափակել է նա։
Դեռևս երկուշաբթի օրը Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել էր, որ Թեհրանը կհայտարարի և կիրականացնի իր զսպման միջոցները՝ ի պատասխան ՄԱԿ-ի արագ արձագանքման մեխանիզմը գործարկելու Եվրոպայի կոչին։




























