Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Իլհամ Ալիեւը քննարկել են իրավիճակը Կովկասյան տարածաշրջանում, նաեւ երկկողմ հարաբերությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք կնայենք, թե ինչպես է զարգանում իրավիճակը տարածշարջանում: Մենք ամուր, շատ ամուր կապված ենք Կովկասի հետ, այն, ինչ կատարվում է այնտեղ, մեզ համար միեւնույն չէ»,- ասել է ՌԴ նախագահը: Մեդվեդեւը նաեւ ընդգծել է առաջաիկա եռակողմ հանդիպման կարեւորությունը: «Այդ հանդիպումները պարբերաբար են կայանում, այսինքն, ինչ-որ տեղ առաջընթաց կա, կան խնդիրներ, բայց երկխոսությունը օգտակար է, եւ ես հուսով եմ, որ նման շփումները կշարունակվեն»,- ասել է Մեդվեդեւը:
Ռուսաստանի նախագահը նաեւ առաջարկել է քննարկել, թե «ինչպես է զարգանում ռուս-ադրբեջանական համագործակցությունը, խոսել ապագայի մասին, գնահատել, թե ինչ է կատարվել անցած տարի»:
Իլհամ Ալիեւն իր հերթին համաձայնվել է, որ հարաբերությունների ինտենսիվ բնույթը ամրապնդում է փոխգործակցությունը բոլոր ուղղություններով. «Անցած տարին հաջող էր, մենք ամրապնդեցինք փոխգործակցությունը, իսկ ապրանքաշրջանառության աճը հաշվարկվում է տասնյակ տոկոսներով»: Ադրբեջանի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ բանեցրած ջանքերի համար:



























