Մոսկվայում ձերբակալել են կամերունյան շամանների խմբին, որոնք «կախարդանքի օգնությամբ թուղթը փող էր դարձնում»: Կախարդներն իրենց զեղծարարությունների շնորհիվ ահագին գումար են գրպանել:
Ռուսաստանի ՆԳՆ-ի քրեական հետախուզության մամլո ծառայությունը հունվարի 23-ին հայտնել է, որ խմբի անդամները ձեռք են բերել մոսկովյան արտադրողների վստահությունը` առաջարկելով նրանց դրամային կապիտալի մեծացման հատուկ տեխնոլոգիաներ կախարդանքի միջոցով: «Տառացիորեն ապշահար զոհի աչքի առաջ հատուկ թուղթը վերածվում էր ԱՄՆ-ի 100 դոլարանոց թղթադրամի: Իրենց զեղծարարությունների արդյունքում չարագործները դրամական խոշոր միջոցներ են կուտակել», - ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Աֆրիկացիները ձերբակալվել են ամերիկյան 10 հազար դոլարին տիրանալու փորձի ժամանակ:
Տվյալ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` «խարդախություն` կազմակերպված հանցավոր խմբի կողմից» հոդվածով: Դրա համար նախատեսվող առավելագույն պատիժը 10 տարվա ազատազրկումն է:




























