Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթ է սահմանել՝ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելու նպատակով, սակայն Կրեմլը սահմանափակումները շրջանցելու եղանակներ է գտնում, գրում է Bild-ը։

«2024 թվականի հունվարի 1-ից արգելվել է ռուսական ադամանդների ներմուծումը ԵՄ: Իսկ ԱՄՆ-ն, Կանադան և Մեծ Բրիտանիան դեռևս 2022 թվականին պատժամիջոցներ են կիրառել «Алроса» կոնցեռնի դեմ (այն վերահսկում է ռուսական ադամանդի արտադրության 97%-ը):

Պատժամիջոցները շրջանցելու համար «Алроса»-ն ստեղծել է կեղծ PBK ընկերությունը, ինչպես պարզել են Arctida նախագծի հետաքննող լրագրողները: Նրանք Bild-ին տրամադրել են իրենց աշխատանքի արդյունքները: Ձևականորեն PBK-ն պատկանում է ոմն կնոջ, որը նախկինում աշխատել է «Алроса»-ում: Ընկերությունը ստեղծվել է ռուսական ադամանդների ծագումը թաքցնելու համար:

Հայկական ապրանքներ

Սխեման հետևյալն է. նախ՝ չմշակված ադամանդներն ուղարկվում են Հայաստան: Այնտեղ քարերը հղկվում են և, ձևական տեսանկյունից, կորցնում են իրենց ռուսական ծագումը. դրանք այժմ Հայաստանում արտադրված ապրանքներ են: Դրանից հետո ադամանդները վաճառվում են Հնդկաստանին, Արաբական Միացյալ Էմիրություններին կամ Չինաստանին, և, ի վերջո, վաճառքի շղթան ուղղակիորեն տանում է դեպի Եվրամիության ադամանդի արդյունաբերության խոշորագույն կենտրոն՝ Անտվերպեն:

Չնայած Անտվերպենի արդյունաբերական միությունը՝ AWDC-ն, վստահեցրել է, որ 2024 թվականի հունվարից ի վեր այլևս չի զբաղվում ռուսական թանկարժեք քարերով, ըստ  Arctida-ի հետաքննության՝ բիզնեսը շարունակվում է։ Այսպես, 2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի մարտը PBK-ն կարողացել է արտահանել 250 միլիոն եվրոյի ադամանդներ։ Այդ եկամուտները հարկվում են Ռուսաստանում և այդպիսով լցնում Պուտինի ռազմական գանձարանը։

Եվրամիության կողմից ստեղծված սողանցք

Ադամանդների դեմ պատժամիջոցները շրջանցելու համար սողանցքը թողել է հենց Եվրամիությունը։ Տարիներ շարունակ հայտարարվել է բլոկչեյն հետևողական համակարգի ներդրման մասին, որը կարող է վերահսկել քարերի ծագումը՝ արդյունահանումից մինչև վաճառք, բայց մինչ այժմ այդ կերպ վերահսկվել են միայն 0,5 կարատից պակաս քաշ ունեցող քարերը։ Իշխանությունները վերջերս հայտարարել են, որ բոլոր թանկարժեք քարերը կհետևվեն միայն 2026 թվականի հունվարի 1-ից»,- գրում է Bild-ը։