Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների համատեղ հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ.

«Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2012թ. հունվարի 23-ին հանդիպեցին Սոչիում եւ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները:

Երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքի մեծ ծավալը՝ սկսած 2008թ. նոյեմբերի 2-ի նրանց հանդիպումից, երբ ընդունվեց մոսկովյան հռչակագիրը: Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցութունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ:

Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարեւորությունը, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը:

Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Ի զարգացումն 2011թ. մարտի 5-ին Սոչիում արված Համատեղ հայտարարության դրույթի, Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահներն ի գիտություն ընդունեցին համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման  մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը եւ հանձնարարեցին  շարունակել այդ աշխատանքը:

Նախագահները հաստատեցին, որ ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջեւ հումանիտար շփումների զարգացումը: Այդ առումով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին նպաստելու մտավորականության, գիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջեւ հետագա երկխոսության հաստատմանը»: