Ֆրանսիայի մտավորականության հայկական ծագման ներկայացուցիչները աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրի գլխավորությամբ կոչ են արել ընդունել ցեղասպանությունների, այդ թվում նաեւ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության ժխտումը, քրեականացնող օրինագիծը:
«Մենք` հայկական ծագում ունեցող մտավորականության ներկայացուցիչներս, ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը, որը դեկտեմբերի 22-ին ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովում:
«Մենք, լինելով զոհերի անմիջական հետնորդները, չենք ցանկանում վիրավորված լինել այս ողբերգության ժխտման դրսեւորումների պատճառով: Այդ դրսեւորումները մեզ են վերաբերում, քանի որ զոհերն այլեւս չեն կարող իրենց պաշտպանել: Դրանք մեզ բարկացնում են, քանի որ վկայում են այն ատելության մասին, որն էլ հանգեցրեց այդ «անուղղելի» երեւույթին: Դրանք ցնցում են մեզ, քանի որ այն ֆանատիզմը, որը հանգեցրեց Թուրքիայում հայերի ամբողջական ոչնչացմանը, շարունակում է հետապնդել մեզ, նույնիսկ Ֆրանսիայում, որտեղ մեր տատիկներն ու պապիկները ապաստան էին գտել:
Եվ վերջապես, մենք բարկացած ենք այն սպառնալիքներից, որոնք կախված են Հանրապետության գլխին` կապված նրա ընդունած օրենքի հետ, որը պաշտպանում է զոհերին:
Մենք, որ տարածել ենք ֆրանսիական մշակույթը նրա բազմազան դրսեւորումներով,կոչ ենք անում երկրի ղեկավարին, աջերի ու ձախերի կառավարությանը ամուր լինել իրենց դիրքորոշման մեջ եւ Սենատում ապահովել տվյալ օրինագծի վավերացումը»,- հաղորդում է Nouvelles d`Arménie-ն:
Կոչի ներքո ստորագրել են Շառլ Ազնավուրը (երգիչ), Սիմոն Աբգարյանը (դերասան), Սերժ Ավեդիքյանը (դերասան), Վինսենթ Բագույանը (երգիչ), Էրիկ Սիվանյանը (ռեժիսոր), Սոֆի Ֆոնտանելը (գրող), Ռոբեր Գետիկյանը (ռեժիսոր), Պասկալ Լեժիտիմյուն (կատակերգու դերասան), մեթյու Մադենյանը (հումորիստ), Անդրե Մանուկյանը (երաժիշտ), Ֆրեդերիկ Նեւչեիրլյանը (երգիչ), Լեւոն Սայանը (պրոդյուսեր), Էլեն Սեգարան (երգչուհի), Րաֆֆի Շարթը (գրող), Ալեն Թերզյանը (պրոդյուսեր):




























