Ստրասբուրգում այսօր` հունվարի 23-ին մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Ինչպես NEWS.am-ին Ստրասբուրգից հայտնեց հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այսօր առավոտյան տեղի է ունեցել ԵԽԽՎ Բյուրոյի նիստը:
«Նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով չարաբաստիկ ենթահանձնաժողովը մեկ էջանոց փոքր նախագիծ էր ներկայացրել, որտեղ առաջարկում էր Բյուրոյին ենթահանձնաժողովի աշխատանքը շարունակել նաեւ այս տարի: Մենք Բյուրոյում մեկ անդամ ունենք` ՀՀԿ ներկայացուցիչ Հերմինե Նաղդալյանը, ով ընդդիմացել է, ներկայացրել է հայկական կողմի տեսակետը, որ անընդունելի է հայկական կողմի համար նման ենթահանձնաժողովի գործունեությունը: Տիկին Նաղդալյանն առաջարկել է հարցը փոխադրել այլ օրվա քննարկումներ, երբ ընտրված կլինի նոր Բյուրո: Սակայն առավոտյան Բյուրոյի նիստը վարում էր Թուրքիայի ներկայացուցիչ Մեւլութ Չավուշօղլուն, եւ Բյուրոն որոշել է շարունակել ենթահանձնաժողովի աշխատանքը նաեւ 2012-ին»,- նշել է Ն.Զոհրաբյանը եւ հավելել. «Դա մեզ համար որեւէ նշանակություն չունի, հայկական պատվիրակությունը, ինչպես որոշել էր բոյկոտել, այնպես էլ շարունակելու է»:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ԵԽԽՎ նստաշրջանը նոր է սկսել իր աշխատանքը, եւ բավական հագեցած օրակարգ ունի: Պատգամավորը հայտնեց, որ ավարտվում է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբեգի պաշտոնավարման ժամկետը, եւ այդ պաշտոնում երեք թեկնածուներ են առաջադրված Բելգիայից, Լիտվայից եւ Հոլանդիայից:
Նշենք, որ այսօր արդեն նստաշրջանը վարում է ԵԽԽՎ նոր նախագահը: Հոկտեմբերին որոշվել էր, որ պաշտոնն անցնելու է Եվրոպական Ժողովրդական կուսակցության խմբակցությանը, եւ քվեարկության ժամանակ ընտրվել էր Ֆրանսիայի պատվիրակ Ժան-Կլոդ Մինյոնը: Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ այսօր արդեն Մեւլութ Չավուշօղլուն երկամյա իր պաշտոնավարումից հետո նախագահի աթոռը հանձնել է Ժան-Կլոդ Մինյոնին:



























