Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում որոշեց հանել «ՓՅՈՒՐ ԼԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրից և դադարեցնել շահագործողների ռեեստրում ընկերության ներառվելու վկայականի գործողությունը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Փյուր լենդ» ՍՊԸ-ն ներառվել է «ՄԵՂՐԻ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ արտադրաարդյունաբերական ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես՝ սննդամթերքի փաթեթավորման գործարան կառուցելու համար: Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 10 տարի:

Ընկերության կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հերթական հայտարարագրերի թվային ցուցանիշների ուսումնասիրումից պարզ է դարձել, որ ընկերությունը գրեթե ամբողջությամբ չի կատարել իր կողմից սկզբնական հայտարարագրով ստանձնած պարտավորությունները, սահմանված ժամկետում չի վերացրել շեղումները և այդ մասին տեղեկատվություն չի ներկայացրել։