Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունվարի 23-ին, Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Երկկողմ հանդիպմանը հաջորդել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպման ժամանակ քննարկվել են առեւտրատնտեսական, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է եղել համագործակցության 2011թ. արդյունքներին ու երկկողմ կապերի առավել ամրապնդմանն ուղղված զարգացման հետագա ծրագրերին:
«Հարգելի՛ Սերժ Ազատի, մեզ մոտ արդեն բարի ավանդույթ է ձեւավորվել ձմռանը Սոչիում, լեռներում հանդիպել: Եվ ես դա խորհրդանշական եմ համարում: Մենք այժմ կքննարկենք հայ-ռուսական փոխգործակցության ընթացիկ վիճակը, կխոսենք այն մասին, թե ինչպես ավարտվեց անցած տարին: Այն վատ չի ավարտվել եւ՛ առեւտրաշրջանառության, եւ՛ մեր համագործակցության տարբեր տեսանկյուններից՝ սկսած տնտեսականից, վերջացրած ռազմատեխնիկականից: Եթե խոսելու լինենք ապագայի մասին, ապա բացի ավանդական բիզնեսի զարգացումից, որն առանց այդ էլ ներթափանցում է հայ-ռուսական փոխգործակցության ամբողջ դաշտը, անհրաժեշտ է մտածել խոշոր նախագծերի մասին:
Երկկողմ հարաբերություններից բացի, առաջարկում եմ քննարկել տարածաշրջանային խնդիրներ: Կյանքը բավականաչափ բարդ է, կան մի ամբողջ շարք ոչ դյուրին մարտահրավերներ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Հետո մենք Ձեզ հետ կշարունակենք տարածաշրջանային շատ բարդ խնդիրներից մեկի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի քննարկումն արդեն մեր ադրբեջանցի գործընկերոջ ներկայությամբ:
Սրտանց ողջունում եմ Ձեզ եւ շատ ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել Սոչիում»,- Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին՝ հրավերքի եւ այն ջանքերի համար, որ ՌԴ նախագահը ներդնում է ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ:
«Այս հանդիպումներն իսկապես դարձել են ավանդական, դրանք շատ օգտակար են: Շնորհակալություն Ձեզ այն ջանքերի համար, որոնք Դուք ներդնում եք ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ: Իրոք, եւ՛ այս հանդիպումները, եւ՛ Ձեր ջանքերը, եւ՛ այն ժամանակը, որ Դուք հատկացնում եք այս խնդրի լուծմանը, թույլ են տալիս Հարավային Կովկասում ունենալ քիչ թե շատ վերահսկելի իրադրություն: Դրա համար էլ դրանք շատ օգտակար են, եւ, բնականաբար, սա լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ հարցերը:
Ես լիովին կիսում եմ այն տեսակետը, որ անցած տարին մենք վատ չենք ավարտել: Ամեն դեպքում, մոտավորապես 15 տոկոս աճել է առեւտրաշրջանառությունը: Դա էական է: Շնորհակալություն մեծ նախագծեր քննարկելու պատրաստակամության համար: Մեզ համար դա շատ կարեւոր է»,- ՌԴ նախագահին ասել է Սերժ Սարգսյանը:



























