Իրանի իշխանությունները կրկնել են Հորմուզի նեղուցը փակելու իրենց սպառնալիքը, եթե խնդիրներ առաջանան իրանական նավթի իրացման հարցում: Իրանի խորհրդարանի երկու պատգամավորներ այսպես են արձագանքել Իրանի նավթի վրա էմբարգո կիրառելու Եվրամիության որոշմանը:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մոհամադ Քոուսարին FARS գործակալությանը հայտարարել է. «Եթե Արեւմուտքը հրաժարվի իրանական նավթի գնումից, մենք այն կվաճառենք ոչ եվրոպական երկրներին: Իսկ եթե մենք համաշխարհային շուկայում իրանական նավթի իրացման հարցում հանդիպենք խնդիրների, անկասկած կշրջափակենք Հորմուզի նեղուցը: Իսկ այդ դեպքում, Իրանի նկատմամբ արկածախնդիր քաղաքականություն վարող ԱՄՆ-ը, նույնիսկ իր բոլոր դաշնակիցների աջակցությամբ, չի կարող ապաշրջափակել այն: Նրա խոսքով, Իրանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում, ԱՄՆ-ին ամենածանր հետեւանքներն են սպասվում եւ «ոչ մի ամերիկացի զինվոր չի կարող փրկվել փախչելով»:




























